ՀՀ ՊԵԿ-ը Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշեն կետ-բաժնում իրականացված մաքսային հսկողության ընթացքում «Վայլդբերրիս» («Wildberries») ՍՊ ընկերության մոտ հայտնաբերել է մաքսային կանոնների խախտման դեպքեր, հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից։
Մասնավորապես, ՊԵԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կողմից օգոստոս ամսին իրականացված ներմուծումների ժամանակ ձևակերպված երկու տարանցման հայտարարագրերում սխալ է հայտարարագրվել ապրանքների փաստացի քաշը։ Մասնավորապես, մի դեպքում՝ բեռի փաստաթղթերով ձևակերպված քաշը պակաս է ցույց տրվել բեռի իրական քաշից մոտ 2 տոննայով, իսկ մեկ այլ դեպքում՝ մոտ 2,6 տոննայով։
Բացի այդ, տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքների փաստաթղթային հսկողությունից պարզվել է, որ նախկինում ներմուծված, այնուհետև հետ արտահանվող ապրանքների ընդհանուր արժեքը մոտ 7-ից 8 անգամ գերազանցում է իրական արժեքը։ ՊԵԿ-ից հայտնում են, որ փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։
«Wildberries» ընկերությունը երեկ՝ սեպտեմբերի 6-ին, հայտարարել էր, որ ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Հայաստանյան տնտեսվարողները, սակայն, ընկերությանը մեղադրում են հայկական բիզնեսը վերացնելու մեջ, նշում, որ հայկական փոքր և միջին ձեռնարկությունները «մահվան» վտանգի առաջ են։ «Stop wildberiies Armenia» նախաձեռնությունը կառավարությունից պահանջում է արգելել ընկերության գործունեությունը Հայաստանում։ Այս պահանջով այսօր՝ սեպտեմբերի 7-ին, նախաձեռնության անդամները հավաքվել են կառավարության շենքի մոտ։