Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել է Արցախում սպասվող նախագահական ընտրությունները, դրանց ընդառաջ ընդդիմության նախաձեռնած հանրահավաքը, «Միասնական հայրենիք» խմբակցության՝ նախագահի թեկնածու չառաջարկելը և ռազմատեխնիկայի կուտակումը սահմանի եկայնքով։
Հակոբյանի խոսքով՝ այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, և հայտնեց, թե ում է նշանակել պետնախարար, որը հետագայում կարող է լինել նաև նախագահի թեկնածու, Արցախի քաղաքական ուժերի միջև արդեն չի էլ սպասվում առանձնակի պայքար։
«Խոսքը Սամվել Շահրամանյանի մասին է, որն ըստ էության կոնսենսուսային թեկնածու է։ Խորհրդարանի ուժերի մեծամասնությունն աջակցում է նրա թեկնածությունը»,- ասաց նա։
Ըստ փորձագետի՝ կա երկու մոտեցում, այն ուժերը, որոնք նախագահ են ընտրելու, ըստ էության այն երեք ուժերն են, որոնք Հարությունյանի ժամանակ նույնպես ընդդիմություն էին։
«Նրանք նաև ներգրավված են Ռուբեն Վարդանյանի գլխավորած «Արցախի անվտանգության և զարգացման ճակատում»։ Նրանց այժմ նաև Հարությունյանի ուժն է միացել։ Նրանց կոնցեպտը, որքան ես հասկանում եմ, այն է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախության գաղափարախոսությունն անքննելի են, աքսիոմ, որոնց շուրջ չի կարող լինել որևէ սակարկում կամ քաղաքական դիսկուրս»,- շեշտեց Հակոբյանը։
Դրանից է բխում նաև նրանց դիրքորոշումն ու մոտեցումը ընթացիկ քաղաքական պրոցեսներին, կարծում է նա։ «Դրանում է այդ ընդդիմության քաղաքական կուրսը, որը հակառակվում է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, նրանց մոտեցումներին, որոնք համահունչ են Ադրբեջանի առաջարկություններին»,- նկատեց փորձագետը։
Ըստ մեր զրուցակցի՝ մյուս կողմից Սամվել Բաբայանն է ներկայացված իր խմբակցությամբ, որը ինչ անուն էլ իրենք տալիս են, «ռեինտեգրացիային ուղղված քաղաքական կուրս է որդեգրել»։
«Սամվել Բաբայանի գործողությունները սովորական ընդդիմադիր ուժի գործողություններ են։ Երբ խորհրդարանում քո ձայները չեն հերիքում, դու փորձում ես փողոցի միջոցով ուժեղացնել քո դիրքերը։ Ես վստահ չեմ, որ նրանք կկարողանան այնպիսի զանգվածներ հավաքել, որոնք կկարողանան իսկապես ազդեցություն ունենալ ընտրության գործընթացների վրա։ Չեմ բացառում, որ «որևէ փողոց» լինի, սակայն չեմ կարծում, որ էական լինի։ Մի քանի ամիս առաջ, երբ նախագահը դեռ Արայիկ Հարությունյանն էր, Բաբայանը փողոցի միջոցով փորձում էր ստիպել նրան իրեն նշանակել պետական նախարար։ Մեծ աշխատանք տարվեց, մեծ ռեսուրսներ ծախսվեցին, այդ թվում նաև ՀՀ իշխանությունների կողմից, որոնք բավականին լուրջ կապերի մեջ են Բաբայանի հետ, բայց լուրջ զանգված չհավաքվեց ու նա ստիպված եղավ հաշտվել այդ մտքի հետ»,- ասաց Հակոբյանը՝ շեշտելով, որ հիմա նա իրեն դիրքավորել է որպես ընդդիմություն նոր ձևավորվող իշխանական վերնախավին, և պարզ է, որ իր գործոնը պետք է փորձի ուժեղացնել փողոցով։
Մասնագետի խոսքով՝ Սամվել Բաբայանի խմբակցությունը չի առաջադրել նախագահի թեկնածուի, քանի որ խորհրդարանում հիմա իրենց դիրքերը թույլ են, կոնսենսուս կա Սամվել Շահրամանյանի շուրջ։ Իսկ առաջադրվել հանուն առաջադրման, ես կարծում եմ՝ այսօրվա Արցախի կարգավիճակում թերևս ավելորդ շռայլություն կարող է լինել, թերևս Արցախի ներսում չէր հասկացվի այդ «պսևդո-ժողովրդավարական խաղը»։ Մրցունակ թեկնածու չունեն, ոչ էլ՝ անհրաժեշտ ռեսուրսներ։ Եթե Բաբայանը համոզված լիներ, որ փողոց ունենալու է, ամեն դեպքում կառաջադրեր թեկնածու։ Իսկ Արցախում քաղաքական տենդենցները թույլ չեն տալիս, որ նրա թիմակիցները շատ լավատես լինեն, համոզված է Հակոբյանը։
«Ինչ վերաբերում է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմատեխնիկայի ու կենդանի ուժի կուտակումներին, ես կարծում եմ կարելի է կապել նաև Արցախում ընտրությունների հետ։ Ես չեմ զարմանա, որ Ադրբեջանն ամեն ինչ անի, որպեսզի Արցախում նորից օրակարգային չլինի և ԶԼՄ-ներում նորից չշոշափվի Արցախի նոր լեգիտիմ իշխանությունների գործընթացի մասին։ Պարզ է, որ իրենք ամեն ինչ էլ կանեն, նրան չեն էլ թաքցնում, որ թիվ մեկ պահանջը, որ դրվում է հայկական պետությունների առջև Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումն է և Արցախի տարածքը որպես Ադրբեջանի տարածքի ունիֆիկացիա անելը։ Որպեսզի այնտեղ գործեն այն ինստիտուտները, ինչ Ադրբեջանում ու բխեն այդ երկրի սահմանադրությունից»,- ասաց փորձագետը։
Նրա կարծիքով՝ ակտիվությունը Արցախի սահմաններին նաև դրանով է պայմանավորված, սակայն այնպես չէ, որ Ադրբեջանն անում է՝ ինչ ուզում է, և երբ ուզում է։ Նա պետք է նախ ունենա այդ իրավունքը, և դա նրան թույլ տան իր դիմաց կանգնած համաշխարհային ուժային կենտրոնները, ասաց նա։
Հակոբյանը կարծում է, որ հնարավոր է՝ Ադրբեջանը տեսնում է, որ հայ-ռուսական հարաբերություններում խորը հակամարտություն է, արդեն՝ ոչ ճգնաժամ, և շատ լավ հասկանում է, որ Հայաստանը, զրկվելով ոչ շատ լավ, վստահելի, բայց ամեն դեպքում ռազմավարական դաշնակցից, գետնի վրա ոչ պրակտիկ դաշտում լրիվ անտեր է։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հրաժարական տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Արաքսյա Սնխչյան