Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը հայտնել է, որ Ջերմուկում իրավիճակը խաղաղ է։
«Հարգելի հայրենակիցներ, (պատասխանում եմ ձեզ անհանգստացնող հարցերին) Ջերմուկում իրավիճակը խաղաղ է: Տարբեր «լրատվամիջոցներով» շրջանառվոող լուրերն ու հիմնականում ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող «տարօրինակ» տեղեկատվությունը, մարդկանց մոտ սխալ պատկերացում են ստեղծում զբոսաշրջային քաղաքի մասին, որտեղ այս պահին էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան (հիմնականում արտերկրից)»,- նշել է նա:
Արսենյանի խոսքով՝ Ջերմուկում տիրող իրավիճակի, քաղաքի ճակատագրի մասին խոսում ու «մտահոգվում» են մարդիկ, ովքեր մեկ տարի ժամանակ ու հնարավորություն են ունեցել իրենց այցելությամբ ինչ որ չափով նպաստելու քաղաքի վերականգնմանը, բայց չեն էլ փորձել` նախընտրելով հիմա հեռակա կերպով ենթադրություններ անելու և խուճապ տարածելու տարբերակը:
«Եթե հնարավորություն չունեք օգնելու, օգտագործեք գոնե չխանգարելու տարբերակը, քանի որ ձեր «վերլուծությունները» նաև կարդում ու դիտում են այս քաղաքում ապրող խաղաղ բնակիչները»,- գրել է համայնքի ղեկավարը:
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսել է հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսն անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։