Պատերազմից հետո զորքերի ամենամեծ տեղաշարժն է գրանցվել Արցախի սահմաններին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Թերթը գրում է, որ սեպտեմբերի 6-ին Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որի օրակարգում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մասնակցել են պետնախարար, նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը, ուժային կառույցների, ինչպես նաեւ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները:
Չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը 1 տող է սահմանային իրավիճակի մասին, սակայն սա եղել է քննարկման գլխավոր թեման։ Նշվել է նաև, որ վերջին օրերին ադրբեջանական մեդիատիրույթը ողողված է զորքի տեղաշարժի, զինտեխնիկա կուտակելու մասին լուրերով և տեսանյութերով։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց: