Արցախի ԱԱԾ-ն հորդորել է երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերին սթափվել:
Արցախի ԱԱԾ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն: Միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։
«ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները ԱՀ Սահմանադրական կարգը պահպանելու համար։ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների»,- զգուշացնում են գերատեսչությունից՝ հավելելով, որ Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնեն պետականությունը։
ԱՀ քաղաքացիներին ԱԱԾ-ն հորդորել ու խնդրել է չտրվել սադրանքների, ցուցաբերել սառնասրտություն ու բարձր քաղաքացիական գիտակցություն և հարգել ԱՀ Սահմանադրությունն ու օրենքները։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Օգոստոսի 31-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ խորհրդարանը պետք է Արցախի նախագահին ընտրի նրա հրաժարականից ոչ ուշ, քան 10 օր հետո։ Արցախի ԱԺ-ն հայտարարել է, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին Արցախի ԱԺ-ն կընտրի նախագահ: