ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ կառավարությունից:
«Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասված է հայտարարությունում։
Գերատեսչությունից հայտնում են՝ Կանցլեր Շոլցը նշել է, որ պատրաստակամ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին: Վարչապետ Փաշինյանն էլ ընդգծել է, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Այսօր ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերվող հարցեր։
Արցախի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 5-ին հրապարակել է շփման գծում ադրբեջանական մեծ քանակությամբ զինտեխնիկայի, այդ թվում՝ հրետանու տեղաշարժի և կենտրոնացման տեսանյութ։ Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների («Յաշմա» և «Կոմանդո») կենտրոնացվածության մասին սահմանին հայտարարել է նաև Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետը Բաքվին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու մտադրության մեջ։ Սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետը Բաքվին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու մտադրության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի հայտարարությունները որակել է քաղաքական մանիպուլյացիա, ինչին ի պատասխան Երևանն ասել է, որ շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով և տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի դեմ։