Ղարաբաղում նախագահական ընտրություններն Ադրբեջանի սահմանադրության, նրա օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում են, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Ադրբեջանի Հանրապետության տարածքում ընտրությունների միջոցով քաղաքական կամք արտահայտելու օրինական հիմքը միայն ԱԴրբեջանի սահմանադրությունն ու օրենքներն են։ Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վրա ստեղծված այս ռեժիմի քայլերը, որոնք ձգտում են շարունակել իր գոյությունը Հայաստանի ռազմական, քաղաքական, ֆինանսական և այլ աջակցության շնորհիվ, իրավական ուժ չունեն»,- հայտնել է ադրբեջանական գերատեսչությունը՝ այս քայլը սադրիչ որակելով։
Նշվում է նաև, որ ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Արցախի ստատուս քվոն պահպանելու և «օկուպացիոն քաղաքականությունը» շարունակելու համար, բացարձակապես շահագրգռված չէ խաղաղության գործընթացով։
Ադրբեջանական կողմը կրկին սպառնալիքների լեզվով նշել է, որ կճնշի «իր տարածքում» ցանկացած ոտնձգության փորձ, որը համարում է սպառնալիք իր երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի ԱԺ-ն հատուկ նիստ էր հրավիրել, որի ընթացքում փակ քվեարկությամբ Սամվել Շահրամանյանը նշանակվել էր Արցախի նախագահ։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Օգոստոսի 31-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ խորհրդարանը պետք է Արցախի նախագահին ընտրի նրա հրաժարականից ոչ ուշ, քան 10 օր հետո։ Արցախի ԱԺ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի ԱԺ-ն կընտրի նախագահ: