Ժամերի ընթացքում արցախցիները կհասկանան, թե ինչ գործընթաց է իրականացվում, լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե խոսքն ինչ գործընթացի մասին է։
Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ Արցախի արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հեռացավ, և ՀՀ իշխանությունը չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, Մամիջանյանը նշել է, որ նման արձագանքը բնական է։
«Հայ ազգն ինչից ուրախանում է, Փաշինյանը դրա վերաբերյալ ափսոսանք է հայտնում»,- նշել է Մամիջանյանը։
Սեպտեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը, անդրադառնալով նորընտիր նախագահին չշնորհավորելու մասին հարցին, նշել էր, որ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա։
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան։ Նույն օրն Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ, իր տեղեկություններով, ռուսական Կարմիր Խաչի մարդասիրական օգնությունը մինչ օրս չի հասել Արցախ՝ Ադրբեջանի կողմից սահմանված լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։ Նա նշել է, որ այդ պայմանները նախկինում համաձայնեցված չեն եղել:
Սեպտեմբերի 9-ին Արցախի իշխանությունները որոշել էին թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը Արցախ։
Սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Ռուսական Կարմիր խաչը Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար է ուղարկել Աղդամի ճանապարհով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է բացել Աղդամի ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղում պարենային ճգնաժամը լուծելու համար․ նրա մտահղացմամբ՝ այս ճանապարհի բացումից ուղիղ մեկ օր անց Լաչինի միջանցքով պետք է վերականգնվեր երթևեկությունը, գրել է «Коммерсант»-ը՝ հղում անելով ռուսական պետական գերատեսչություններում իր աղբյուրին։ Ավելի ուշ Ադրբեջանը հաստատել է Ռուսաստանի առաջարկը՝ Աղդամից Լաչինի միջանցքով ճանապարհ բացելու մասին։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն անդրադարձել է ռուսական «Կոմերսանտ» թերթի Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին հրապարկմանը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից: Հունիսի 15-ին Բաքուն արգելել է մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, ինչի արդյունքում հանրապետության ժողովուրդը հայտնվել է սովի շեմին։ Օգոստոսի 15-ին Արցախում գրանցվել է խրոնիկական թերսնումից մահվան առաջին դեպքը։
Մանրամասները՝ տեսանյութում։