Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեյցարիայում ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին մեղադրել է «պայմանավորվածությունները» խախտելու մեջ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բայրամովն ընդգծել է Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործման անհրաժեշտությունը՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ հայազգի բնակիչների կարիքները բավարարելու համար՝ Ադրբեջանի օրենսդրությամբ և համապատասխան ընթացակարգերով։
ԱԳ նախարարը հիշեցրել է, որ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանը և նրա ստեղծած «ռեժիմը» կոպտորեն խախտել են դրանք, սակայն չի հստակեցրել, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը։
Բայրամովն ընդգծել է, որ շրջափակման մասին Հայաստանի հայտարարություններն անհիմն են, ներկայումս Լաչինի ճանապարհով երկու ուղղություններով ապահովված է հայազգի բնակիչների ամենօրյա երթևեկությունը։
Սեպտեմբերի 12-ին ՌԴ կառավարության հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում էր կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: