Սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա, հանձնաժողովների աշխատակարգի նախագիծը համաձայնեցման փուլում է, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա»,-հայտնել են գրասենյակից։
Հարցին՝ հանձնաժողովի աշխատանքների շրջանակում որևէ փաստաթղթի շուրջ աշխատանք կա՞, և, մասնավորապես, հայկական կողմն ի՞նչ փաստաթղթերի վրա է աշխատում, գրասենյակից հայտնել են աշխատակարգի նախագծի համաձայնեցման փուլի մասին։
«Համաձայնեցման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի ու համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի նախագիծը»,-հայտնել են գրասենյակից։
Սեպտեմբերի 4-ին Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 4-րդ հանդիպումը կայացել էր հուլիսի 12-ին՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին՝ ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի հատվածում։
2022-ի նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Սահմանազատման հարցով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2022-ի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին, երկրորդ հանդիպումը՝ 2022-ի օգոստոսի 30-ին Մոսկվայում։