ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքը կբացվի մոտ ապագայում։ Նա այսպես է մեկնաբանել Արցախի բնակչությանը ռուսական հումանիտար օգնություն ուղարկելը:
«Մենք ակնկալում ենք, որ, հաշվի առնելով նախկինում ձեռք բերված փոխըմբռնումը, մոտ ապագայում Աղդամի երթուղուն զուգահեռ ապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, այնուհետև երկու ուղղություններով կանոնավոր կերպով հումանիտար օգնություն կհոսի տարածաշրջան»,- ընդգծել է նա։
Ռուսական գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ հուլիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ հանդիպմանը Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեմա է մշակվել։
Դիվանագետը կարծում է, որ այդպիսով Արցախում հումանիտար իրավիճակը կկայունանա և տեղի բնակչության բնականոն կյանքը կվերականգնվի։ «Սա իր հերթին պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրագործման ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար»,- ասել է Զախարովան։
Սեպտեմբերի 9-ին Արցախի իշխանությունները թույլ են տվել Ռուսաստանի կողմից Ասկերանի տարածքով հումանիտար օգնության ներմուծումը հանրապետություն՝ խաղաղապահների և ԿԽՄԿ-ի կողմից Լաչինի միջանցքով մարդասիրական բեռների տեղափոխման վերսկսման պայմանով։
Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռնատարի անցումը «ուշանում է»։ Բացի այդ, հայտնի էր դարձել, որ արցախցիները բողոքի ակցիա էին իրականացնում Ռուսաստանից Աղդամի տարածքով բեռների ներկրման դեմ։
Ավելի ուշ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել է Ադրբեջանի կողմից Ասկերանով Ստեփանակերտ ռուսական մարդասիրական բեռների մատակարարման պայմանագրի չեղարկման մասին։