Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ոչ թե Ռուսաստանը, այլ Հայաստանի ղեկավարությունն է ճանաչել, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանն իրավունքներ ունի։ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես պետք է վերաբերվի նշվածին։ Բայց պետք չէ Երևանում կայացվող որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Պետք չէ Ռուսաստանում թշնամի փնտրել։ Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի թշնամին և երբեք չի լինի»,-ընդգծել է նա։
Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի մասին Երևանի կտրուկ արտահայտություններին «պայմանավորված է հասկացությունների փոփոխությամբ»։
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին La Repubblica պարբերականին տված հարցազրույցում անվտանգության ոլորտում մեկ կենտրոնից Հայաստանի կախվածությունն անվանել էր «ռազմավարական սխալ»: Ի պատասխան Փաշինյանին՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն ՀՀ վարչապետին մեղադրել էր անպատասխանատվության և իր սխալների համար մեղավորներ փնտրելու փորձի մեջ:
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել էին Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան «կոշտ նոտա» էին ներկայացրել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Մոսկվան չի վախենում կորցնել դաշնակցին՝ ի դեմս Երևանի: Այդ օրն՝ ավելի ուշ, Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցներն անարդյունք էր անվանել և հայտարարել Հայաստանի կողմից անվտանգության լրացուցիչ գործիքներ ստանալու անհրաժեշտության մասին: