Սեպտեմբերի 12-ին հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Ավանեսյանը Կոտայքի մարզի Գետամեջ գյուղից էր, տան միակ զավակը, հայտնում է News.am-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարևանուհիներից մեկը պատմել է, որ Ալեքսն ապրում էր մոր և տատիկի հետ:
«Սովորական ընտանիք էր, սովորական սոցիալական պայմաններով էին ապրում, մայրն աշխատում էր, ինքն էլ մորն էր օգնում: Բանակ է զորակոչվել 20 տարեկանում, մինչ այդ Աբովյան քաղաքում էր սովորում՝ ծրագրավորող էր: Շատ խելոք, լավ երեխա էր, ափսոս, ես չեմ հավատում, որ ինքը չկա: Վերջերս որ մորը տեսա, հարցրի Ալեքսից, ասաց՝ նորմալ է, լավ է, խոսում ենք»,- պատմել է նա և հավելել, որ Ալեքսը ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը։ Զինծառայողի մահվան դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՔԿ-ն տեղեկացնում է, որ Ալեքս Սուրենի Ավանեսյանը․ նախնական տվյալներով․ ինքնասպանություն է գործել իրեն ամրակցված գնդացրով։