Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է գրող, ռազմական լրագրող, մարդու իրավունքների հարցերով Ֆրանսիայի նախկին դեսպան Օլիվյե Վեբերի և փաստագրական ֆիլմերի հեղինակ, միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր Քրիստոֆ Ռայլայի կողմից նկարահանված «Հայաստան․ հանդիպումներ պաշարված ժողովրդի հետ» վավերագրական ֆիլմից մի հատված, որի նկարահանումները տեղի են ունեցել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի թիրախում հայտնված Սոթք գյուղում։
«Ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվել են բնակավայրերի, քաղաքացիական և բնապահպանական ենթակառուցվածքների թիրախավորմամբ, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու սարքերի կիրառմամբ, պատերազմական նոր հանցագործություններով»,- ասվում է կից գրառման մեջ։
Դեսպանությունը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրենց ծավալներով աննախադեպ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսել էր հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսն անհետ կորած են համարվում։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելել էր մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրել:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։