Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 13։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում:
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական դիրքերի գնդակոծման վերաբերյալ այդ երկրի տարածած տեղեկությունը։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 3 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։