Հայ շախմատիստները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Արսեն Դավթյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն։
«Արսենը առաջին խաղափուլում պարտվելուց հետո 8 անընդմեջ հաղթանակ տարավ՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր: Առաջնության շրջանակներում Արսենը լրացրեց նաև միջազգային վարպետի նորմա: Սա Արսենի երրորդ նորման է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բենիկ Ագասարովը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն։
«Բենիկը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը անցկացվել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ից 14-ը՝ Ռումինիայի Մամայա քաղաքում։