Հայաստանը 3 մեդալ է նվաճել սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում տեղի ունեցած Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադայում, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Հայաստանի թիմը ներկայացրել են 9-րդ դասարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (Քվանտ վարժարան), Ալեքսանդր Ղազարյանը, Վահան Աբրահամյանը և Մակար Դիլանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):
Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե, Ալեքսանդր Ղազարյանը՝ արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե մեդալ: Մեր մասնակիցներից Մակար Դիլանյանն ստացել է գովասանագիր։ Թիմը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ) ։
Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են 24 երկրների 96 ներկայացուցիչներ։ Անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:
Հիշեցնենք, որ 2022 թ.-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 6-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ուկրաինայում՝ առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալի։