Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը կմնա «երկաթուղայինների» մոտ մինչև 2023-2024 մրցաշրջանի ավարտը։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ արտասահման տեղափոխվելը քիչ հավանական է. դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Լոկոն շատ շահավետ առաջարկ ստանա, գրում է լրագրող Հրաչ Խաչատրյանը X-ում (նախկին Twitter)։
Հիշեցնենք, որ 24-ամյա Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում տասը հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։ Տիկնիզյանը բանակային ակումբում է խաղացել մինչև 2021 թվականի օգոստոսին «Լոկոմոտիվ» տեղափոխվելը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Տիկնիզյանով հետաքրքրված է Իտալիայի առաջնությունից մի ակումբ։