Երևանում տեղի ունեցող ՔՊ խմբակցության հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր թիմն ազատագրել է Երևանը քրեական տարրերի գերիշխանությունից։
«Երևանն արյունով վերցնելու մասին խոսողներին, կրակելուց խոսողներին խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել և սեփական բախտը չփորձել։ Սա ձեր ու ձեր կնքահայրերի համար 1999թ. չէ, հոկտեմբերը չէ և, առավել ևս, 27-ը չէ։ Սա 2023թ-ի սեպտեմբերն է, 17-ն է։ Մեր քաղաքական թիմը պատվով է կատարել Երևանի կառավարման գործը։ Մենք Երևան քաղաքն ազատագրել ենք քրեական տարրերի գերիշխանությունից։ Անկախությունից ի վեր Երևանում այս ծավալի դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն չի եղել, որքան 2022-23 թվականներին»,- ասել է նա։
Օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ը ժամկետով մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 կուսակցություններին։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն են՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Ժողովրդավարական Համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցություն։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: