Խաղաղության պայմանագրի ամենաէական հարցերում դեռևս սկզբունքային տարաձայնություններ կան, «Ազատության» հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի նման անկանխատեսելի պահվածքի պարագայում լարվածություն միշտ սպասելի է։
Քարտեզի հարցում, ըստ նախարարի, «կա խոսակցություն ավելի փոխըմբռնման մթնոլորտում, որը նախկինում չկար»:
«Դրական ազդակներ տեսնում ենք, միևնույն ժամանակ ուզում եմ կրկին վերապահում հայտնել, որովհետև ոչ միայն մտքերի փոխանակություններ, կոնկրետ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում, և Ադրբեջանի ղեկավարությունը կա՛մ փոշմանում է, կա՛մ տվյալ պահին որևէ դիվանագիտական խաղ է անում»,-նշել է Միրզոյանը:
Նա հայտնել է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանին և արցախյան շփման գծում լարվածությունը պահպանվում է։
«Ըստ էության, մենք միշտ էլ ասել ենք, որ Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն, ընդ որում՝ թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի Հանրապետության սահմաններին»,-ընդգծել է Միրզոյանը։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 3 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել էր երեք վիրավորի մասին։
Սեպտեմբերի 13-ին Միրզոյանը հատարարել է, որ Հայաստանն ստացել է խաղաղության պայմանագրի հայկական առաջարկների պատասխանն Ադրբեջանից։
Հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից հետո ԵԽ ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ մտադիր է կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին՝ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպման շրջանակում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։