Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքուն «պատրաստ է կազմակերպել Ակնայի ճանապարհի և Լաչինի միջանցքի զուգահեռ օգտագործումը՝ պահպանելով իրենց երկրի օրենսդրության պահանջները», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեին։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այսօր, դիմելով ադրբեջանական կողմին, ԿԽՄԿ-ն նախնական տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ սեպտեմբերի 18-ին հայկական կողմը համաձայնել է զուգահեռ բեռներ ընդունել երկու ճանապարհներից:
Սեպտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են Բերձորի միջանքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը։
Սեպտեմբերի 12-ին ՌԴ կառավարության հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով։ Ադրբեջանը դրանից հետո հայտնել էր, որ համաձայն է ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքի և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը, սակայն Լաչինի միջանցքը մինչ այս պահը շարունակում է փակ մնալ: Արցախից Armenia Today-ին հայտնել էին, որ Լաչինի միջանցքը հումանիտար բեռների համար բացելու շուրջ բանակցությունները շարունակվում են։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։