Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Արցախի տեղեկատվական շտաբն անդրադարձել են Լաչինի միջանցքով և Ակնայի ճանապարհով Արցախ տեղափոխված բեռներին։
ԿԽՄԿ-ն հայտարարել է, որ որոշում կայացնողների շրջանում կոնսենսուս գտնելու դիվանագիտական ջանքերի արդյունքում Կարմիր խաչը մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
«Վերջին շաբաթներին ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարել որոշում կայացնողների հետ տարբեր երթուղիներով, այդ թվում՝ Լաչինի միջանցքով և Ակնայի ճանապարհով ԼՂ օգնություն հասցնելու տարբերակների շուրջ»,-ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:
ԿԽՄԿ-ն հույս է հայտնել, որ ձեռք բերված համաձայնություններով առաջիկա շաբաթներին կշարունակվի մարդասիրական օգնության առաքումն Արցախ։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում:
«Դրանք Արցախի Հանրապետության կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո: Փորձաքննություն անցած և Արցախի կառավարության կողմից սահմանված չափանիշներին չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են»,- ասել է նա։
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ մի քանի օր հետո Լաչինի միջանցքի ու Ակնայի ճանապարհի ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից ԿԽՄԿ-ի մեքենաներով բեռների տեղափոխում է նախատեսվում։ Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն անհրաժեշտ մարդասիրական օգնություն էր հասցրել Ստեփանակերտ՝ անցնելով միաժամանակ Լաչինի և Ակնայի ճանապարհներով։
Սեպտեմբերի 17-ին հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են Բերձորի միջանքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման առաջարկը, որն ստացել էին ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակից և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում էր կայացվել դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել էր Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։