Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, թե որ դեպքում կոալիցիա կկազմեն «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ։
«Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերն այն պարագայում, երբ ուժն ամբողջական իշխանափոխություն իրականացնելու ծրագրի մասով կիսի մեր մոտեցումները»,- հայտարարել է Թևանյանը։
Անդրադառնալով «Ազգային առաջընթացի» քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, որի գլխավորած կուսակցությունն այս ընտրություններում երկրորդ ամենաշատ ձայներն ստացած ուժն է, Թևանյանը նշել է․ «Մենք կարող ենք օգնել, որ Հայկ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի և քաղաքապետ դառնա։ Դա կանենք այն դեպքում, երբ պարզվի, որ Մարությանն ամբողջական իշխանափոխության մասով կիսում է մեր օրակարգը»։
Նա հայտարարել է, որ որևէ պաշտոնի չեն հավակնում։
«Եթե հնարավոր համագործակցությունը տեղի ունենա, ապա մենք չենք հավակնում որևէ պաշտոն կամ վերահսկողական լծակ վերցնել»,- հավելել է Թևանյանը։
Այսօր «Ազգային առաջընթաց» կուսակցության երկրորդ համար Հայկ Գրիգորյանը բացառել էր «Մայր Հայաստան» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա կազմելը։ Կուսակցությունը, սակայն, դեռ պաշտոնապես հայտարարությամբ հանդես չի եկել։
Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 5-ը հաղթահարել են կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը) հավաքել է 32,57 տոկոս կամ 75,463 ձայն: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը) հավաքել է 18,89 տոկոս կամ 43,765 ձայն: «Մայր Հայաստան» դաշինքը (ցուցակը գլխավորում է Անդրանիկ Թևանյանը) հավաքել է 15,43 տոկոս կամ 35,739 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյան) ստացել է 11,32 տոկոս կամ 26,236 ձայն, «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% (ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը):
Մանրամասները՝ տեսանյութում։