Ըմբիշ Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել, նա նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
«Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը 57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերը չափել է Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ ու 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ սա Հարությունյանի երրորդ բրոնզե մեդալն էր աշխարհի առաջնություններում, նա պայքարը սկսել էր որակավորման փուլից և վստահ հաղթանակներ տանելով ուկրաինացի Կամիլ Կերիմովի (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուի (14-2) և մակեդոնացի Վլադիմիր Եգորովի (11-0) նկատմամբ՝ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 14-16 հաշվով զիջել էր աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Ռեի Հիգուչիին։
«Բրոնզե մեդալին մոտ է նաև Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ): Հայ ըմբիշը երեք տպավորիչ հաղթանակներ տանելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին ու կպայքարի բրոնզե մեդալի համար»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայազգի Վազգեն Թևանյանը ջախջախիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ։