«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արձագանքել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանի՝ առանց նախապայմանների իրեն որպես քաղաքապետ ընտրելու առաջարկին։
«Ես քեզ ընտրում եմ քաղաքապետ ոչ թե նրա համար, որ դու նորից 5 տարի ղեկավարես՝ քո պատկերացմամբ, այլ նրա համար, որ դու ինձ ճանապարհ տաս սրանց սրփեմ տանեմ։ Դու պիտի մի կողմ քաշվես, ասես Վարդան Ղուկասյան քո անձին նշանակի վերահսկողություն և դու էլ որպես քաղաքապետ ինձ չխանգարես։ Ես հասա նրան, որ Երևանը չունի ՔՊ ղեկավար, բայց հիմա դու ասում ես վերարտադրենք։ Երևանցին ինձ ընտրել է նրա համար, որ ես ասել եմ, արել եմ»,- ասել է նա։
Ղուկասյանն առաջարկել է ստորագրել փաստաթուղթ, որի համաձայն ինքը որոշակի հնարավորություններ կստանա։
«Ես քեզ ասում եմ փաստաթուղթ ստորագրի, որ ես հնարավորություն ունենամ որոշում կայացնելու, արխիվ քանդելու։ Կարող ես չմասնակցել իշխանափոխությանը։ Վերահսկողության ապարատը, այն էլ ժամանակավոր, տալիս ես ինձ, քաղաքապետն էլ, փոխքաղաքապետն էլ՝ ձեզ։ Վարդան Ղուկասյանը աթոռի կռիվ չի անում»,- նշել է նա։
Ղուկասյանը «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին և Հայկ Մարությանին առաջարկել է զանգահարել իրեն և ուղիղ եթերում կազմակերպել վերոնշյալ փաստաթղթի ստորագրումը։
«Ազգային առաջընթաց» կուսակցության երկրորդ համար Հայկ Գրիգորյանը բացառել էր «Մայր Հայաստան» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա կազմելը։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, թե որ դեպքում կոալիցիա կկազմեն «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս քննարկում չի ունեցել ընտրություններում անցողիկ շեմն անցած քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված հարցով։
Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված 824 250 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 5-ը հաղթահարել է կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը) հավաքել է 32,57 տոկոս կամ 75,463 ձայն: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը) հավաքել է 18,89 տոկոս կամ 43,765 ձայն: «Մայր Հայաստան» դաշինքը (ցուցակը գլխավորում է Անդրանիկ Թևանյանը) հավաքել է 15,43 տոկոս կամ 35,739 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյան) ստացել է 11,32 տոկոս կամ 26,236 ձայն, «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% (ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը):