Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալական նամակ է հղել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու համար,
տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:
«Մեզ համար չափազանց կարևոր է միջազգային հանրության, աշխարհի առաջադեմ մարդկության ուշադրությունը մեր ժողովրդի արդարացի ու երկարամյա պայքարին, որը պայքար է՝ հանուն սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, հանուն մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, ժողովրդավարության համընդհանուր նորմերի ու սկզբունքների պաշտպանության»,- նշել է նա իր նամակում:
Արցախի նախագահը հայտնել է, որ արցախցիները բարձր են գնահատում աջակցությունն Արցախի ժողովրդին, ինչը մարդասիրության արժեքներին հավատարմության վառ օրինակ է, ինչպես նաև Արգենտինայի պետության վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ:
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը սեպտեմբերի 9-ին Նյու Դելիում ընթացող G20 պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովի առաջին լիագումար նիստում ելույթի ժամանակ
անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը:
«Այն ժամանակ, երբ Եվրոպայի արևելքում մոլեգնում է պատերազմ և բազմապատկվում են բռնի հակամարտությունները, որոնք հասարակության հատուկ ուշադրությունը չեն գրավում, նույնքան ցավոտ է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում, որը հերթական անգամ պատժում է հայ ժողովրդին իր տարածքի մի մասում»,- ասել է Ֆեռնանդեսը։
Սեպտեմբերի 11-ին Արտաքին գործերի նախարարություն է
կանչվել Ադրբեջանում Արգենտինայի դեսպան Մարիանջելես Բելուշին: Հանդիպման ընթացքում Արգենտինայի դեսպանին ներկայացվել է բողոքի նոտա՝ կապված այն բանի հետ, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը 2023 թվականի սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20 գագաթնաժողովի ժամանակ նախապաշարմունքով խոսել է Ադրբեջանի դեմ։