Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից արդեն օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրերում կլոր կնիք ունենալու կարիք չեն ունենա, որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում:
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը զեկուցելիս ասաց, որ ՀՀ քաղաքացիների անձնագրերի 4-րդ էջում առկա է կլոր կնիք, որը վկայում է օտարերկրյա պետություններում մեր քաղաքացիների անձնագրերի վավերականության մասին: Այսինքն՝ սա ենթադրում է վավերականության նշում, սակայն, ընդհանուր առմամբ, այն չի հատվում անձնագրերի ընդհանուր վավերականության ժամկետի հետ:
«Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերաբերելի բոլոր դրույթները: Քանի որ սա չի վերաբերում միայն ներպետական ընթացակարգին, այլ նաև այլ երկրների հետ հարաբերություններին, սահմանվել է եռամսյա իրազեկման ժամկետ, որ ԱԳՆ-ն օտարերկրյա պետություններին իրազեկի, և ՀՀ քաղաքացիները օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում այս առումով որևէ խնդրի չբախվեն»,- ասաց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթի,ն նշեց, որ արձակուրդների ժամանակ՝ օգոստոսին և դեկտեմբերի վերջին մարդիկ, որոնք պլանավորում են երկրից դուրս գնալ, և հանկարծ արձանագրում են, որ իրենց անձնագիրն օտար երկրում վավերական չէ:
«Ինձ մոտ այդ հարցը միշտ առաջացել է։ Ես անձնագիր ունեմ, այն ուժի մեջ է, սակայն վավերական չէ, տարօրինակ բան: Ես շատ ուրախ եմ, որ մենք նկատել ենք այս խնդիրն ու ուղղում ենք»,- ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։