Հայաստանը երբևէ չի համաձայնել և չի համաձայնելու որևէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության, ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
«Մյուս կողմից մենք հավատարիմ ենք բարձր մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում, վերահաստատվել են հետևյալ պայմանավորվածությունները.
– Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 29.8 և 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով:
– Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան տեղի է ունենալու 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա:
– Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- թվարկել է Սանոյանը:
Նրա խոսքով՝ այս պայմանավորվածությունները հրապարակային են և հրապարակվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հանդիպման ավարտին։
«Այս պայմանավորվածության շրջանակում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այլ նաև ցանկանում է, որ դա տեղի ունենա հնարավորինս արագ, քանի որ դա բխում է մեր շահերից»,- ընդգծել է նախարարը։