Հրամանատարը կալանավորվել է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, հայտնում է քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ կոչումով լեյտենանտ զինծառայողը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար, պատասխանատու լինելով վաշտի անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու նկատմամբ դրսևորել է ՀՀ ԶՈւ ներքին ծառայողական կանոնագրքի դրույթներին հակասող վարքագիծ:
Մասնավորապես՝ վերջինս, շարքի դիմաց, ներկա գտնվող ծառայակիցների ներկայությամբ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է կատարել մարտական հերթապահության ընթացքում մարտական դիրքում քնող զինծառայողի հասցեին, ինչի արդյունքում 2023թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19։55-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի կրակային դիրքի հարակից տարածքում՝ խրամբջիջներից մեկում զինծառայող Ալեքս Ավանեսյանն իրեն ամրակցված գնդացրից կրակոց է արձակել իր գլխի ճակատային հատվածին և ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքից մահացել։ Բացի այդ, վաշտի հրամանատարը այլ զինծառայողների ներկայությամբ բռնություն է գործադրել մեկ այլ զինծառայողի նկատմամբ։
ՔԿ-ն հայտնում է, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հրամանատարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը։ Զինծառայողի մահվան դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՔԿ-ն տեղեկացնում է, որ Ալեքս Սուրենի Ավանեսյանը․ նախնական տվյալներով․ ինքնասպանություն է գործել իրեն ամրակցված գնդացրով։