ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 24-ին արված հայտարարությունները, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության տեքստից։
«Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ սեպտեմբերի 24-ի անկախության մասին հայտարարություններն անընդունելի հարձակումներ են պարունակում ՌԴ-ի դեմ և մերժում են առաջացնում Մոսկվայի մոտ»,-հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանի դաշնակիցները ՀՀ-ի անկախությունը կասկածի տակ դնող հայտարարություններ են անում»։
«Փաշինյանը հակառուսական հայտարարություններով փորձում է իր վրայից հանել ներքին և արտաքին քաղաքականության ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա»,-շեշտել են ՌԴ ԱԳՆ-ում։
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ պաշտոնական Երևանը «հսկայական սխալ է գործում՝ գիտակցաբար փորձելով փլուզել կապերը ՌԴ-ի հետ և Հանրապետությունը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը»։
ՌԴ ԱԳՆ-ում նաև հերքել են այն հայտարարությունները, թե Երևանում բողոքի ակցիաները կազմակերպված են Ռուսաստանի կողմից:
«Փաշինյանի թիմի նման անպատասխանատու մոտեցումն էլ միանգամայն հասկանալի դժգոհություն առաջացրեց հայ հասարակության մի մասի մոտ, ինչն արտահայտվեց ժողովրդական բողոքներով։ Իհարկե, պնդումները, թե դրանք ներշնչված են Ռուսաստանի կողմից, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի կառավարության ղեկավարին պետք է քաջ հայտնի լինի, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում, ի տարբերություն Արևմուտքի, որը բավական մեծ ուշադրություն է դարձրել «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմանը, բայց տարօրինակ զուգադիպությամբ նախընտրել է չնկատել Երևանում իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ հետապնդումների բազմաթիվ փաստեր»,-նշել են ԱԳՆ-ում՝ ընդգծելով, որ «ԱՄՆ դեսպանը խիստ մտերիմ կապեր է պահպանում ՀՀ կառավարության հետ»։
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումն ապագա սերունդներին թողնելու 2020 թվականի պայմանավորվածությունը պահպանելու փոխարեն Փաշինյանը տեղի տվեց Արևմուտքի հորդորներին և ինքն էլ ճանաչեց Բաքվի ինքնիշխանությունը տարածաշրջանի նկատմամբ»,-շեշտել են ՌԴ ԱԳՆ-ում։
Սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀՀ որոշ գործընկերներ հարվածի տակ են դնում ոչ միայն մեր արտաքին, այլև ներքին անվտանգությունն ու կայունությունը»։ Նա մտահոգիչ էր համարել այն հանգամանքը, որ «Հայաստանի դաշնակիցները ՀՀ-ի անկախությունը կասկածի տակ դնող հայտարարություններ են անում»։
«Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»,-հայտարարել էր նա։