ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանի ղեկավարության որոշ ներկայացուցիչներ ցանկանում են «կորցնել Ռուսաստանը» և ընդգծել, որ Անդրկովկասում Ռուսաստանի Դաշնության շահերը չեն կարող անտեսվել։
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է պատահել, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանը, Լավրովն ասել է, որ Երևանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ ցանկանում են նման սցենար և նայում են դեպի Արևմուտք։
«Գիտեք, այնտեղ շատերը կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել: Եթե նրանք հույսը դնում են ԱՄՆ-ի վրա, ինչպես ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա գուցե լավ կանեն նայել նորագույն պատմությանը, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերվել նրանց, ում ձգտում էր վերցնել իր թևի տակ՝ առաջ մղելով իր աշխարհաքաղաքական շահերը հեռավոր վայրերում։ Այս բոլորի ճակատագիրը շատ, շատ աննախանձելի է»,- Լավրովի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Ռուս նախարարն ընդգծել է, որ ամեն դեպքում, աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել Ռուսաստանի Դաշնության շահերն Անդրկովկասում։ «Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանը՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով։ Բայց երևանյան որոշ ղեկավարներ նման հույսեր ունեն, և այդ մասին ուղղակիորեն խոսում են»,- ասել է նա։