Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Hurriyet-ին տված հարցազրույցում Սյունիքի տարածքով Նախիջեւանը Ադրբեջանի մնացած տարածքների հետ կապող միջանցքի բացումը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու «միակ ճանապարհ» է անվանել։
«Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը, հատկապես Զանգեզուրի միջանցքի բացումը, և արդյունքների վրա հիմնված բանակցությունների շարունակականության ապահովումը կայունության հաստատման միակ ճանապարհն է»,- ասել է նա։
Գյուլերը նաև նշել է, որ Անկարան կհետևի Իսպանիայում հայ-ադրբեջանական բանակցություններին։ Նա հաստատել է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին և հիշեցրել է երկկողմ հարաբերությունների հայեցակարգը «մեկ ազգ՝ երկու պետություն»։
Սեպտեմբերի 24-ին Հայաստանի Անվտանգության խորհուրդը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում՝ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում։