Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։ Այս մասին նա հայտնել է X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրառմամբ։
Ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին տեղեկացրել էր, որ իր երկրի կառավարությունը որոշել է 7 միլիոն եվրո տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական կարիքները հոգալու համար:
Սեպտեմբերի 30-ին Հայաստան է ժամանել Ֆրանսիայից ուղարկված 5 տոննա մարդասիրական բեռը, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար:
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ՝ Արցախից Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 514 անձ, որոնց 48%-ին կառավարությունը կեցավայրեր է տրամադրել Հայաստանի տարբեր մարզերում:
Օգոստոսի 29-ին Կատրին Կոլոննան
«անբարոյական» էր անվանել Արցախի բնակչությանը սովի մատնելու՝ Ադրբեջանի ռազմավարությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի նպատակն է՝ ԼՂ-ի հայերի զանգվածային արտագաղթ հրահրել։