Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձագետներ կուղարկի Հայաստան՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված տուժածներին, հայտարարել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Անրի Կլյուգեն։
«Մենք ակտիվացրել ենք մեր արտակարգ իրավիճակների համակարգերը և երկիր կուղարկենք փորձագետներ մի շարք ոլորտներում՝ ներառյալ հոգեկան առողջությունը, այրվածքների կառավարումը, հիմնական առողջապահական ծառայությունները և արտակարգ իրավիճակների համակարգումը կարիքների ամբողջական գնահատումից հետո»,- մանրամասնել է նա:
Այրվածքների բուժման մասնագետներ կգան Իսրայելից, Բելգիայից և Լիբանանից։ ԱՀԿ-ն նաև կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բոլոր 300 բժիշկներին և 1200 բուժքույրերին Հայաստանի հիվանդանոցներում և բժշկական կենտրոններում աշխատանքի տեղավորելու հարցում,- ասել է Եվրոպայում կազմակերպության գործադիր տնօրեն Ռոբ Բաթլերը՝ ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար Անահիտ Ավանեսյանի հետ քննարկումից հետո։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
Սեպտեմբերի 22-ին Եվրահանձնաժողովը հայտարարել էր 500.000 եվրոյի մարդասիրական օգնության մասին՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար։ Սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայից Հայաստան էր մատակարարվել մարդասիրական օգնության խմբաքանակ։ Նույն օրը Կիպրոսի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ քննարկում է Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածներին տեղավորելու հնարավորությունը։ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ 1 միլիոն ֆունտ սթերլինգ կտրամադրի ԿԽՄԿ-ին հումանիտար իրավիճակին աջակցելու համար: Հոկտեմբերի 1-ին Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը նույնպես հայտարարել էր 50 տոննա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին։