Մոտ երկու շաբաթ է՝ ռուսական կողմը Լարսի անցակետում կանգնեցրել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող բեռները և չի թողնում, որ հատեն սահմանը, գրել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի՝ մոտ 60 բեռնափոխադրող մեքենա է կանգնած` կոնյակով բեռնված, ռուսները փորձաքննություններ են անում՝ իբր պարզելու համար, թե Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակներն օրիգինա՞լ են, թե՞ կեղծ, եւ դրա հետեւանքով հայկական բեռնատարները կանգնած են Լարսում։
Թերթի տեղեկություններով, դրանց մեջ են ե՛ւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» կոնյակի գործարանի, ե՛ւ ֆրանսիացիներին պատկանող գործարանի, Վեդի ալկոյի, ՄԱՊ-ի կոնյակի խմբաքանակներ։
Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցիչ Վահան Հակոբյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, հայտնել, որ կոնյակների վրա վերահսկողությունը դրվել է մարտ-ապրիլ ամիսներին: Մի քանի օր առաջ հսկողությունն ավելի են ուժեղացրել: «Եթե այն ժամանակ մաքսային ծառայության ռիսկերի կառավարման համակարգն ընտրում էր կոնկրետ ինչ-որ արտադրողների ապրանքներ, եւ հսկողություն էր իրականացվում, ապա հիմա համակարգն ընտրում է բոլոր հայկական կոնյակները։ Այս պահին ունենք մոտ 60 բեռնատար, որոնք ենթարկվում են հսկողության եւ հսկողությունն անցնելուց հետո նորից կշարունակեն իրենց ճանապարհը»,- ասել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանից աշխատանքային շփումների արդյունքում տեղեկացրել են, որ Հայաստանից ուղարկվող կեղծ կոնյակներ շատ են հայտնաբերվում, եւ դրա պատճառով հսկողությունն ուժեղացրել են եւ շարունակում են հայտնաբերել այդ կեղծ կոնյակները։