Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ պատճառը ռուսական կողմից բեռների ստուգումներն են. «Պատճառը ռուսական կողմը հայտնել է՝ ստուգումներ են իրականացնում կոնյակի որակի հետ կապված»։
Հարցին, թե արդյո՞ք այդ ստուգումները կապված չեն այսօր ՀՀ ԱԺ կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ՝ Քերոբյանը պատասխանել է՝ «Չեմ կարող ասել»։ Նախարարը նաև հավելել է, որ հաճախ են նմանատիպ խնդիրներ լինում, ապա ավելացրել է, որ իր տեղակալն արդեն խոսել է ռուսական կողմի հետ։
Ավելի վաղ մամուլի հայտնել էր, որ Լարսում 60 բեռնատար է կանգնած, ռուսական կողմը ստուգում է բոլոր հայկական կոնյակները: Ըստ հրապարակման՝ ռուսները փորձաքննություններ են անում՝ իբր պարզելու համար, թե Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակներն օրիգինա՞լ են, թե՞ կեղծ, և դրա հետևանքով հայկական բեռնատարները կանգնած են Լարսում։