Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է 2018 թվականին Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողների հայցն ընդդեմ Ադրբեջանի, հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։
Եվրոպական դատարանը «Ղազարյանն ու Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով պարտավորեցրել է Ադրբեջանին վճարել Ղազարյանի ծնողներին (Արմեն Ղազարյան և Աստղիկ Բայրամյան) 10 000 եվրոյի չափով բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 3 225 եվրոյի չափով դատական ծախսերի վճարում։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելքը) և 5-րդ (Ազատության և անվտանգության իրավունք) հոդվածները։
ՄԻԵԴ-ը հօգուտ Հայաստանի ևս երեք որոշում է կայացրել։
«Գուրբանովն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանն անընդունելի է ճանաչել հայցվոր Չինգիզ Գուրբանովի այն պնդումը, թե Հայաստանը ձգձգում է իր հատուկ նշանակության ջոկատային որդու դիակի վերադարձի գործընթացը։ ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ Հայաստանը չի խախտել Կոնվենցիայի 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (Խտրականության արգելում) հոդվածները։
Ասգարովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի գործով դատարանն անընդունելի է ճանաչել ադրբեջանական կողմի բողոքները՝ կապված 2015 թվականին Լեռնային Ղարաբաղում դատապարտված դիվերսանտներ Գուլիևի և Ասգարովի իրավունքների ենթադրյալ խախտման հետ։
ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել նաև «Ալիևն ընդդեմ Հայաստանի» և «Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի» գործերով՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայցվորների սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ։