ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության հնարավորությանը:
Նա նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան պարզ դարձրեց, որ առկա անվտանգային համակարգերը բավարար չեն երկրի տարածքային ամբողջականության լիարժեք պաշտպանության համար:
«Մեր հիմնական նպատակն Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու խնդրի լուծումն է, մենք տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղության հաստատման կողմնակից ենք, մեր քաղաքականությունը միտված է դրան և մեր միջազգային գործընկերներից մենք ակնկալում ենք աջակցություն հենց այս հարցում»,- ասել է նա՝ շեշտելով, որ ռազմական ոլորտում Ֆրանսիայի և այլ երկրների հետ համագործակցությունը ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ և միայն պաշտպանական նպատակ ունի:
Նախագահը նշել է, որ չնայած գնահատելի են մասնավորապես Ֆրանսիայի և տարբեր հեղինակավոր կառույցների ջանքերը ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ ճանապարհով լուծման և ելքեր գտնելու ուղղությամբ, այնուամենայնիվ դրանք բավարար չեն եղել ինչպես Լաչինի հումանիտար միջանցքն ապաշրջափակելու, այնպես էլ Ադրբեջանին զսպելու և ուժի կիրառումը բացառելու համար:
«Արդյոք մենք պետք է սպասենք աղետալի իրադարձությունները տեղի ունենան, հետո նոր միայն փաստենք զոհերի, արտագաղթողների, ունեզրկվածների ու բռնի տեղահանվածների առկայությունը, սա խնդիր է որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, այլև աշխարհի ցանկացած բնակավայրում ապրող մարդուն»,- նշել է նախագահը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։