ՔՊ-ին աջակցելու դիմաց 3 թաղապետի, 1 փոխքաղաքապետի պաշտոն է հասնելու «Հանրապետություն» խմբակցությանը, ինչպես նաև Երեւանի ենթակայությամբ գործող հիմնարկներում յուրայիններին աշխատանքի տեղավորելու հնարավորություններ, հայտնել է «Հրապարակ»-ը։
«Թեպետ ավելի վաղ խոսվում էր, որ փոխքաղաքապետի պաշտոնի հավակնորդն Արամ Սարգսյանի հավատարիմ զինակից Անի Խաչատրյանն է, սակայն ՔՊ-ում դեմ են նրա թեկնածությանը, եւ հնարավոր է այդ պաշտոնը հասնի ցուցակի 2-րդ համարին՝ Սարգիս Մադաթյանին»,- գրել է թերթը՝ հավելելով, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ևս ՔՊ-ն կզիջի «Հանրապետությանը»։ Խմբակցությունը, ըստ թերթին հասած լուրերի, նախընտրում է Կենտրոն, Նոր Նորք և Արաբկիր համայնքները։
ՔՊ-ն և իշխանության դուստր ձեռնարկություն «Հանրապետություն» կուսակցությունը` իր 32 մանդատով (65 մանդատից) իշխանություն կձեւավորեն Երեւանում, քանի որ նրանց հաջողվել է «Հանրային ձայն» կուսակցությանն իրենց կողմը գրավել, հայտնել է լրատվականը։ Այսօր կուսակցության անդամներից մեկը կամ մի քանիսը կմասնակցեն նիստին, քվորում կապահովեն, և Ավինյանը 27 ձայնով կընտրվի քաղաքապետ։
Հիշեցնենք, որ Ազգային առաջընթացը հայտարարել էր, որ չի մասնակցի նոր ավագանու նիստին՝ այսպիսով՝ գնալով նոր ընտրությունների։
«Մայր Հայաստան» խմբակացությունը նույնպես հայտարարել էր, որ ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Իսկ «Հանրային ձայն»-ը չի գնա նոր ընտրությունների, նա կմասնակցի ավագանու նիստին։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։