Ժամկետային զինծառայող Նարեկ Նազարյանի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցը, հայտնում են Քննչական կոմիտեից։
Տեղեկացնում են, որ հոկտեմբերի 9-ին զինծառայողի կողմից ինքնաձիգից կրակոց արձակելու և գլխի շրջանում ստացած մահացու վիրավորման հետևանքով համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Նազարյանի մահանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով)։
«Կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով նշված համածառայակիցը ձերբակալվել է»,-հայտնել են ՔԿ-ից՝ տեղեկացնելով, որ նախաքննությունը շարունակվում է։
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը: