Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հիմնադրամը հրապարակել է զեկույց 2020 թվականի 44-օրյա պատերազմում և 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ռազմական գործողություններում զոհված հայ զինծառայողների ընտանիքներին Ադրբեջանի պատճառած տառապանքների մասին, ասված է հիմնադրամի X-ի էջում։
«Ադրբեջանի զինվորականները խոչընդոտում են որոնողական աշխատանքներին, թաքցնում և չեն վերադարձնում զինվորականների դիերը և այլն։ Facebook-ում, Twitter-ում, TikTok-ում և այլ սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերի հաշիվները, որոնք ուղղված են հայ լսարանին, տարածում և ուղղակիորեն ընտանիքներին ուղարկում են սպանված և խոշտանգված զինվորականների լուսանկարները»,- ասվում է զեկույցում։
Զոհված զինվորների ընտանիքի անդամները երկար ժամանակ հետո ստացել են ոչ թե ճանաչելի դիակներ, այլ միայն մարմնի մասերի մնացորդներ։ Հիմնադրամից ավելացրել են, որ հարազատների կրած տանջանքները և տառապանքները հավասար են եղել դաժան վերաբերմունքի։
«Հետազոտությունները հաստատում են, որ այդ հանցագործությունները խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դրանք ուղղված են ընտանիքներին հոգեբանական ծանր ցավ պատճառելուն և հայ հասարակության մեջ լարվածություն պահպանելուն»,- եզրափակել է հիմնադրամը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել էր հայկական կողմից ավելի քան 2300 զինվորականների մահվան մասին։ Ավելի ուշ Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ այս պատերազմում հայկական կողմը կորցրել է ավելի քան 5000 զինվոր։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժը հրետանուց և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ էր սկսել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ՝ դեպի հայկական դիրքեր։ Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել էր 207-ի, այդ թվում՝ երեք խաղաղ բնակիչ։ Վիրավորվել էին 293 զինվորական և 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինվորական գերեվարվել էր։