Բաքուն հերքել է Հայաստանի վարչապետի հայտարարությունները, թե Ադրբեջանը օկուպացրել է հայկական գյուղերը: Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հայտարարությունն անվանել է փորձ՝ «արդարացնելու [Հայաստանի] կողմից ադրբեջանական 8 գյուղերի օկուպացումը»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «զարմանք» է հայտնել, որ Հայաստանի վարչապետը նշում է սահմանազատման մասին, երբ կողմերը չեն որոշել այն քարտեզը, որով որոշվելու են սահմանները։ Գործակալությունը պնդում է, որ «1975 թվականի քարտեզ չկա, և մի քանի քարտեզներ պատրաստվել են տարբեր ժամանակներում 1973-ից 1986 թվականներին»։
Գերատեսչությունը նաև Ադրբեջանին անվանել է խաղաղ գործընթացի «գլխավոր նախաձեռնող» և միևնույն ժամանակ սպառնացել Հայաստանին, որ Փաշինյանի դիրքորոշումը ցույց է տալիս, որ Հայաստանը «դասեր չի քաղում պատմությունից»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին կայացած հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք:
«Նախ՝ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետև նույն Տավուշի մարզում, օրինակ, մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում նույնպես»,- ասել է նա: Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմը դեռ 2021 թվականին է առաջարկել այս հարցի լուծումը։