Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմումի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում ներկայացրել է Հայաստանի 10 պահանջներն Ադրբեջանից։
Նա նշել է, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը պետք է միջանկյալ միջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ հաշվի առնելով ՀՀ-ի տասը պնդումները։
Առաջին պնդմամբ՝ Ադրբեջանը չպետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են առաջացնել միջազգային կոնվենցիայով իր պարտավորությունների խախտումներ, երկրորդ՝ Ադրբեջանը չպետք կատարի գործողություններ, որոնց նպատակն է տեղահանել Լեռնային Ղարաբաղում մնացող հայազգիներին կամ կանխի վերջին ռազմական հարձակումների ընթացքում տեղահանված անձանց արագ և ապահով վերադարձն իրենց տներ, այդ թվում՝ նրանց, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ պետություններ։ Միևնույն ժամանակ, ՀՀ-ն պահանջում է, որ Ադրբեջանն առանց խոչընդոտների թույլ տա, որ ցանկացողները հեռանան Լեռնային Ղարաբաղից։
Կիրակոսյանը նշեց, որ 3-րդ պահանջով Ադրբեջանը պարտավոր է ռազմական և իրավապահ ողջ անձնակազմին հեռացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բոլոր բնակավայրերից, որոնք զբաղեցվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով։
«4-րդ՝ Ադրբեջանը պետք է օգնի և խոչընդոտ չառաջացնի, որպեսզի ՄԱԿ-ը և վերջինիս մասնագիտացված կազմակերպությունները կարողանան աշխատել ԼՂ-ի էթնիկ հայերի հետ։ Ադրբեջանը որևէ կերպ չպետք է միջամտի նրանց գործունեությանը։ 5-րդ՝ Ադրբեջանը պետք է օգնի և որևէ կերպ չպետք է խոչընդոտի, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարողանա մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ էթնիկ հայերին։ Ադրբեջանը պարտավոր է համագործակցել ԿԽՄԿ-ի հետ, որպեսզի հաղթահարվեն վերջին հակամարտության մյուս հետևանքները»,-ասել է նա։
6-րդ կետով Ադրբեջանը պարտավոր է անմիջապես ապահովել կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման լիարժեք վերականգնումը Լեռնային Ղարաբաղում և չպետք է ապագայում դրանք խաթարի։
Կիրակոսյանի խոսքով՝ 7-րդ կետով Ադրբեջանը պարտավոր է պատժիչ գործողություններ չձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ։
«8-րդ՝ Ադրբեջանը չպետք է ձևափոխի կամ ոչնչացնի որևէ հուշարձան՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին, որևէ այլ հուշարձան, հայկական մշակութային վայր, որը դեռ կա ԼՂ-ում։ 9-րդ՝ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել և օրինական համարել քաղաքացիական գրանցամատյանները, անձը հաստատող փաստաթղթերը, գույքի մասով իրավունքները և ռեգիստրները, որոնք ստեղծված են եղել ԼՂ իշխանությունների կողմից։ Ադրբեջանը պարտավորված պետք է լինի չոչնչացնել և չբռնագրավել այդ մատյաններն ու փաստաթղթերը»,- ասել նա՝ շեշտելով, որ, ըստ 10-րդ պահանջի, Ադրբեջանը պարտավոր է ՄԱԿ-ի դատարանին հաշվետվություններ ներկայացնել այն բոլոր միջոցառումների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկի տվյալ կարգադրությունն իրագործելու ուղղությամբ։
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանի դեմ Հայաստանի դիմումի վերաբերյալ լսումները։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
Մանրամասները՝ տեսանյութում։