Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, որի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, կարևորվել է դրա շարունակականությունը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին»,- հայտնել են կառավարությունից։
ՀՀ ԱԽ քարտուղարի գրասնեյակից հայտնել են, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս ընդունել է Տոյվո Կլաարին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին: Կողմերը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
Հոկտեմբերի 5-ին Բաքվից հայտարարել էին, որ Ադրբեջանն աջակցում է բրյուսելյան եռակողմ գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ։
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես ասված էր, որ «կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա»։
Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիևը հրաժարվել է Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, ինչն ավելի ուշ, հաստատավել էր նաև Նիկոլ Փաշինյանի կողմից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: