Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև, Բիշքեկում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Մոսկվան պատրաստ է կազմակերպել Երևանի և Բաքվի բանակցությունները՝ նախևառաջ նախարարական մակարդակով, հետագայում խաղաղության պայմանագրի մշակման համար»,- ասել է ՌԴ նախագահը։
Խոսելով խաղաղապահ կոնտինգենտի մասին՝ ՌԴ նախագահը շեշտել է, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները Ղարաբաղում։
«Ամբողջ այս ընթացքում եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան, տարվել է տքնաջան աշխատանք՝ ուղղված երկու մայրաքաղաքների՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, իսկ ռուս խաղաղապահները բարեխղճորեն իրականացրել են իրենց առաքելությունը Ղարաբաղում՝ ունեցած լիազորությունների շրջանակում»,- ասել է Պուտինը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ անցկացնելու հնարավորությունը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ չի մեկնի Բիշքեկ՝ երկիրը կներկայացնի փոխնախարարը:
Հոկտեմբերի 11-ին Ալիևը հայտարարել էր, որ Մոսկվայի միջնորդությունից Երևանի հրաժարվելու այլընտրանքը կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ բանակցությունները: Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր Բիշքեկում ռուսական միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ: