Հաայաստանին արտերկրից կտրամադրվի ևս 35 միլիոն եվրո, ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար, հայտնել է ՀՀ փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը։
«Մենք շարունակում ենք աջակցություն ստանալ մեր միջազգային գործընկերներից, ովքեր տարբեր ձևաչափերով օգնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները հոգալու հարցում: Այդպիսի դրամական աջակցության խոստումներ արդեն տրվել են բազմաթիվ երկրների կառավարությունների կողմից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես՝ երեկվա դրությամբ, ըստ հայտարարությունների, ավելի քան 35 մլն եվրո օգնություն կտրամադրվի տարբեր կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով»,- ասել է նա։
Խաչատրյանը նշել է, որ ևս 35 մլն եվրո այլ եղանակով է հատկացվել: Դրանցից 15 մլն եվրո կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն կարիքների լուծմանը: Օգնությունը ստացվում է նաև բեռների ձևով, և այս երկու շաբաթների ընթացքում, փոխվարչապետի ներկայացմամբ, արդեն ստացվել է ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռ, որը բաշխվում է ըստ մարզերի մարզերում գտնվող հայրենակիցներին սննդի և այլ կարիքներ հոգալու համար:
Փոխվարչապետն անդրադարձել է 100 000 դրամ միանվագ աջակցության ստացման գործընթացին և նշել, որ առավել քան 80 000 անձ, այդ թվում՝ 14 600 երեխա արդեն ստացել է այդ աջակցությունը:
Անդրադառնալով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մասին կառավարության որոշմանը, Խաչատրյանը նշել է, որ այս պահի դրությամբ արդեն իսկ 1000 ուսանող իրենց տվյալները ներկայացրել են ԿԳՄՍ նախարարություն, ինչը արդեն հիմք կհանդիսանա այդ հաստատություններում համապատասխան վճարումներ կատարելու և այդ անձանց կրթությունը շարունակելու հնարավորություն տալու համար:
Առողջապահության բնագավառի հետ կապված փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վերջին տվյալներով, 27 246 անձ արդեն հաշվառվել է առաջնային առողջապահական օղակներում:
Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ, նախորդ շաբաթվա վերջի տվյալների համաձայն, 13 443 երեխա արդեն հաճախում են մարզերի և Երևանի դպրոցներ: Նա նաև նշել է, որ մարզերում այս պահին հաշվառված են 80 500 մարդ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։