Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է օկուպացված Արցախ, որի մայրաքաղաքում Ստեփանակերտում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ելույթ ունենալով Ստեփանակերտում՝ Ալիևն ասել է, որ Հայաստանը չպետք է մոռանա 2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ «հակաահաբեկչական միջոցառումները»։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը բարձրացրել է ադրբեջանական դրոշներ նաև Մարտակերտում, Ասկերանում, Մարտունիում, Սարսանգի ջրամբարի տարածքում, Խոջալուում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։