Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պաշտպանել ու պահպանել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը, հաղորդում է Vatican News-ը։
Նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին։ Հռոմի պապն ընդգծել է նաև այն հումանիտար լուրջ խնդիրների մասին, որոնցում այսօր գտնվում են բռնի տեղահանված անձինք:
Հռոմի Պապը նաև հատուկ կոչով է հանդես եկել՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում կպահպանվեն վանքերն ու հուշարձանները։
Նա նշել է, որ պատմամշակութային արժեքները կարող են հարգվել և պաշտպանվել որպես տեղական մշակույթի մաս։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։