Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին Ադրբեջանի իր գործընկերներին է փոխանցել Հայաստանի հարավային շրջաններ ադրբեջանական ներխուժման վտանգի մասին հարցը, հայտնում է IRNA-ն։ Ավելի վաղ նման սպառնալիքի մասին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Իրանի համար կարևոր է Կովկասում խաղաղությունն ու կայունությունը։ Քաղաքական միջոցներով տարաձայնությունների լուծումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ Մենք տարածաշրջանային մեխանիզմը համարում ենք խնդիրների լուծման միակ ճանապարհը»,- ընդգծել է Քանանին։
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ «Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ և ընդգծել դրանց ազատագրման կարևորությունը»։
ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Brussels Signal-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան մի քանի շաբաթվա ընթացքում։