Արցախի իշխանությունների ներկայացուցիչների եւ ՀՀ իշխանավորների միջեւ կապը գրեթե ամբողջությամբ խզված է, գրում է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ ԱՀ կառավարությունը ողջ կազմով Հայաստանում է, արցախցի նախարարները գրեթե ամեն օր հավաքվում են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում: Նրանցից ոմանք փորձել են հայաստանյան գործընկերների հետ հանդիպել, քննարկել ոլորտային խնդիրներ, փորձել տեղահանվածների, դիցուք` կրթական, առողջապահական եւ այլ խնդիրներին ավելի համակարգված լուծում տալ, սակայն, ժողովրդի լեզվով ասած` նրանց ցրել են, մանրամասնում է թերթը:
Միակ կապը, նշում է թերթը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանի միջեւ է քիչ թե շատ գործում` միմյանց հետ քննարկում են տեղահանվածների հումանիտար խնդիրները, դրանց լուծման ուղիները։ ԱՀ պաշտոնյաները տպավորություն ունեն, որ Փաշինյանն ու նրա կաբինետը փորձում են Արցախը ջնջել անգամ մարդկանց հիշողությունից, ցույց տալ, որ Արցախ չի եղել, ու ցանկություն էլ չկա «վառ պահել հիշատակը»։
ԱՀ քաղաքական էլիտան, աղբյուրի տեղեկություններով, եւս ճամբարների է բաժանվել: «Ոմանք կողմ են ՀՀ իշխանությունների դեմ կոշտ հայտարարություններ անելուն՝ այն առումով, որ հայրենիքից, տնից-տեղից զրկել են իրենց, հիմա էլ աշխատավարձից են զրկում, որը հնարավորություն կտար մի քանի ամիս ապրել։ Ոմանք էլ, այդ թվում՝ նախագահ Շահրամանյանը, կարծում են, որ չի կարելի սրել իրավիճակը, հիմա միայն տարհանված արցախցիների խնդիրներն են կարեւոր»,- եզրափակում է թերթը։